Կինոթանգարան

Հայաստանի ազգային Սինեմաթեքի

նախագծի հայեցակարգ

 

Առաքելությունը

Հայաստանի ազգային Սինեմաթեքի առաքելությունն է սինեմաթեքների միջազգային ցանցի հետ գործակցությամբ շուրջ հարյուրամյա հայկական կինոժառանգության պահպանումը և տարածումը, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական լուծումների շնորհիվ հայկական դասական և ժամանակակից կինոյի հանրայնացումը, ստեղծարար կինոկրթության զարգացման միջոցով պատանիների և երիտասարդների այլընտրանքային ժամանակակից կինոկրթության կազմակերպումը, կինոփառատոնային ստեղծարար միջավայրի ստեղծման շնորհիվ կինոյի զարգացման ժամանակակից տենդենցների, կինոուղղությունների, համաշխարհային կինոյի դասական և նոր լավագույն նմուշների, համաշխարհային կինոյի վարպետների վարպետաց դասերի ներկայացումը հայ հանդիսատեսին, հայկական դասական և ժամանակակից հեղինակային կինոյի լավագույն նմուշների մատուցումը համաշխարհային կինոշուկային և կինոհանդիսատեսին, կինոզբոսաշրջության զարգացումը, ստեղծարար կինոմիջավայրի և ներառական կինոմթնոլորտի ձևավորումը:
 
 
 
 

Նախագծի հայեցակարգի նկարագիրը

Շուրջ 1219 քմ. եռահարկ մակերեսի վրա ստեղծել ստեղծարար կինոկրթության դասասենյակներ, որը հնարավորություն կտա պատանիներին և երիտասարդներին անցնել կինոստեղծման գործընթաց՝ սցենարի զարգացումից մինչև կինոնախագծի զարգացում, կինոնկարահանում և կինոցուցադրություն:
 
Ստեղծել վերափոխվող երկու կինոդահլիճներ, որոնք հնարավորություն կտան միջազգային սինեմաթեքների ցանցի հետ համագործակցաբար ծանոթանալ համաշխարհային կինոյի դասական և նոր լավագույն նմուշներին, անցկացնել համաշխարհային կինոյի վարպետների վարպետաց դասեր:
 
Վերափոխվող երկու դահլիճների շղթային միացնելով Հայաստանի Կինոյի տան մեծ՝ 500 տեղանոց, ակուստիկ և ինժեներական յուրահատուկ լուծումներով կառուցված, միջին՝ 125 տեղանոց և փոքր՝ 50 տեղանոց կինոդահլիճները, վերակառուցելով դրանք որպես ժամանակակից պրոֆեսիոնալ կինոցուցադրման հնարավորություններով հագեցած միջավայրի, կոնֆերանսների և այլ հարակից սրահների հետ, իրականացնել փառատոնային գործունեություն՝ մեկ ընդհանրական ստեղծարար կինոմիջավայրում հավաքելով ՈՍԿԵ ԾԻՐԱՆ մեծ ճանաչում ունեցող միջազգային կինոփառատոնը, ինչպես նաև հայաստանյան կինոփառատոնային այլ շարժումները:
 
 
 
 
 
 
Ստեղծել ստեղծարար տարածքներ, միջավայրեր, որտեղ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական լուծումների շնորհիվ հնարավոր կլինի ներկայացնել հայկական շուրջ հարյուրամյա կինոժառանգությունը և այն մատուցել որպես ուսուցողական, կրթական, մշակութային զարգացման բաղադրիչ ունեցող համակարգ:
 
Ստեղծել զբոսաշրջային միջավայրեր՝ կինոգրադարանների, աուդիո-վիզուալ ստեղծարար տարածքների, փոքր կինոսրահների, ժամանցային փոքր ստեղծարար մոդուլների ներգրավմամբ, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջիկներին երկար ժամեր անցկացնել Սինեմաթեքի տարածքում՝ միաժամանակ օգտվելով ուսուցողական, կրթական, ստեղծարար, ժամանցային հնարավորություններից:
 
Ստեղծել այլընտրանքային կինոկրթության պահանջներին համապատասխանող դասասենյակներ, արտադրական միջավայրեր, որոնք հնարավորություն կտան իրենց ապագան կինոյի հետ կապել ցանկացող երիտասարդներին նոր տեխնոլոգիական լուծումների, կրթական նոր մոդելների, կիրառական կրթության ժամանակակից մոդուլների միջոցով ստանալ գործնական կինոկրթություն:
 
Նախագծի հայեցակարգը հանրայնացման նպատակներով ենթադրում է Ազգային սինեմաթեքի դահլիճների, դասասենյակների, ստեղծարար տարածքների և միջավայրերի անվանակոչում հայկական կինոյի նշանավոր անհատների, հայկական կինոյի զարգացման և հանրայնացման գործում մեծ դերակատարում ունեցած անհատների անուններով:
 
Ազգային սինեմաթեքի կառավարումը նախատեսվում է իրականացնել հոգաբարձուների խորհրդի միջոցով՝ ընդգրկելով դրանում նախագծի գործընկերներին, բարեգործ նվիրատուներին, հայկական կինոյի նշանավոր անհատներին, հայկական կինոյի զարգացման և հանրայնացման գործում մեծ դերակատարում ունեցած անհատներին:
 
 
 
 

Նախագծի շահառուները

Նախագծի շահառու են հանդիսանում հայկական կինոժառանգության պահպանմամբ և տարածմամբ հետաքրքրված շրջանակները, Հայաստանի հասարակությունն ու Հայաստանի զբոսաշրջային մարդկային ռեսուրսը, ստեղծարար կինոկրթությամբ հետաքրքրված պատանիներն ու երիտասարդները, կինոփառատոնային նախագծերի թիրախային խմբերում ընդգրկված հանդիսատեսը, մշակութային զարգացմամբ և հեղինակային կինոյի առաջընթացով մտահոգ հանրությունը:
 
 
 
 
 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԻՆԵՄԱԹԵՔ